25/03/2022 17:24
Արցախում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև զինված բախումը բացառված չէ. ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը չի բացառում, որ Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքների ֆոնին ռուս խաղաղպահների և ադրբեջանցիների միջև կարող է զինված բախում տեղի ունենալ։
«Ես համոզված եմ, որ նրանք, ովքեր Ադրբեջանում այս օպերացիաները մշակում են, հաշվարկում են նաև ռուսական զորակազմի հետ հնարավոր բախման տարբերակները։ Եթե արցախա-ադրբեջանական սահմանում ռուս խաղաղպահների ներգրավմամբ ռազմական բախում լինի, ռուսական կամ հայկական կողմերը շահելո՞ւ են, թե ոչ։ Կարծում եմ՝ ոչ։ Ավելին ասեմ՝ նույնիսկ ադրբեջանական կողմն այդքան չի շահելու։ Շահելու է նա, ով ցանկանում է, որ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանագոտում ռազմական գործողություններ սկսվեն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նահապետյանը։
Ռազմական փորձագետի խոսքով, սակայն, եթե Արցախում կրկին ռազմական բախումներ սկսվեն, պատերազմից հետո դեռևս չհամալրված, բարոյահոգեբանական ծանր վիճակում գտնվող հայկական բանակի համար դրանք կարող են նոր պարտության պատճառ դառնալ։
Հայկ Նահապետյանը միաժամանակ ընդգծեց՝ երբ ադրբեջանցիների ճնշումների ներքո այս կամ այն գյուղը դատարկվում է, և բնակավայրերից դուրս են բերվում կանայք, երեխաներն ու տարեցները, հակառակորդը վաղ թե ուշ տիրանում է այդ գյուղերին։
«Եթե գյուղում հայ բնակչություն չի մնացել, բոլորը դուրս են եկել, խաղապահ ստորաբաժանումները գյուղի շենք-շինությունների համա՞ր պետք է կռվեն։ Իրենք խաղաղությունը մարդկանց համար են փորձում պահպանել։
Իսկ հիմա, երբ մարդիկ դուրս են եկել, իրենք ի՞նչը պետք է պաշտպանեն։ Եթե հայկական կողմը հաստատկամ չէ, և Հայաստանի ու Արցախի իշխանություները չեն ուժեղացնում սահմանային գյուղերը, այդ գյուղերի բնակիչները անտերության և անպաշտպանվածության զգացումով դուրս են գալիս իրենց տներից։ Սա պետությունը պետք է անի, պետության ղեկավարները։
Ռուս խաղաղապահին ասենք՝ գնա սար ու քարի, անկենդան տների համա՞ր կռիվ տուր։ Ռուս սպան պետք է տեսնի և հասկանա, որ այդ գյուղերում մինչև վերջին մարդը կանգնած են՝ կռվելու։ Այդ դեպքում իրավիճակ է փոխվելու, որովհետև ռուսներն ասելու են՝ մենք եկել ենք այս ժողովրդին պաշտպանելու։ Իսկ հիմա, կանանց ու երեխաների դուրս գալուն հաջորդելու է մյուս էտապը՝ տղամարդկանց դուրս գալը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ դեպքում գյուղը դադարում է բնակավայր լինել՝ վերածվելով զուտ սահմանային գոտու։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: