25/03/2022 20:02
ՀՀ իշխանությունները պետք է այս մեկուկես տարվա ընթացքում վերակառուցեին բանակը, այնինչ քանդել են այն և հիմա ամեն ինչ գցում են ռուսների վրա. ռազմական փորձագետ
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից անցել է մեկուկես տարի. դա այն ժամանակահատվածն էր, որի ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է ամեն գնով վերակառուցեին ՀՀ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակը, այնինչ լրիվ հակառակն են արել և հիմա ամեն ինչ գցում են ռուսների վրա։ Իսկ ռուս խաղաապահներն Արցախում մարտական գործողություններ վարելու մանդատ չունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին։
«Նոյեմբերի 9-ից հետո, երբ ՀՀ իշխանություններն ամեն օր թմբկահարում էին, թե ռուսներն այս կապահովեն, այն կապահովեն, ես միշտ հարցնում էի՝ իսկ ի՞նչ մանդատով։
Ավելին ասեմ, 2021 թվականի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ տարածք (նկատի ունի Սյունիքի մարզում Սև լճի հատվածը՝ խմբ), դրանից երկու շաբաթ առաջ իշխանություններին զգուշացվում էր, որ այդտեղ ինչ-որ բան է կատարվում, բայց նրանց կողմից ոչ մի բան չարվեց։ Դա ռուս խաղաղպահների պատասխանատվության գոտում չէր, բայց գնացին, ընկան նրանց ոտքերը, սկսեցին ինչ-որ բաներ խնդրել։ Հետո էլ ասացին՝ ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում։ Բայց դա, կրկնում եմ, ՀՀ զինված ուժերի պատասխանատվության գոտին էր»,- հիշեցրեց Կարեն Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունները, չկատարելով իրենց վերապահված գործառույթները, իրենցից բացի, մեղադրում են բոլորին՝ «նախկիններին», ռուսներին, համաշխարհային հանրությանը և այլն։
«Խրամորթի իրադարձությունները շարունակվում են արդեն 3 շաբաթ։ Այդ ընթացքում ՀՀ իշխանություններն ի՞նչ են արել, ի՞նչ են ամրապնդել։ Զորք տարե՞լ են, ինչ-որ բան արե՞լ են. ոչ՛, ոչ մի բան չեն արել։
Խաղաղապահի մանդատի մեջ քո փոխարեն կռվելը չի մտնում։ Հիմա, ամեն բան հաշվի առնելով, չի կարելի անվտանգությունը կառուցել՝ միայն խաղաղպահ ուժերի վրա հենվելով։ Դա անվտանգության գործոններից ընդամենը մեկն է։ Կրկնում եմ՝ մենք մեկուկես տարի ժամանակ ունեինք՝ բանակը վերականգնելու, այնինչ ՀՀ իշխանություններն այս ընթացքում զբաղված էի բանակը քանդելով, կադրային ջարդով։
4 պաշտպանության նախարար փոխվեց, հաշիվը կորցրել ենք՝ քանի ԳՇ պետ։ Հիմա էլ արդեն մեկ ամիսը լրանում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունեն։ Այստեղ է՞լ են ռուսները մեղավոր։ Պարզապես իրենք նպատակաուղղված՝ Արցախը հանձնում են և պատրաստ են նաև Սյունիքը հանձնել՝ իրենց իշխանությունը պահելու համար»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: