25/03/2022 15:53
Անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով ու ասել, թե որոնցում է, որ Հայաստանը թերանում է. Աղաջանյանի կոչը՝ միջազգային գործընկերներին
Ադրբեջանական կողմի հետ ուղիղ հաղորդակցվելու ձևաչափեր եղել են ու կան, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությունը, որով կոչ էր արվում Հայաստանին ու Ադրբեջանին օգտագործել ուղղակի շփումների խողովակները։
Նա ասաց, թե հայկական որոշ գերատեսչությունների ղեկավարներ տեղում հանդիպումներ են ունենում, բայց, գործնականում, դա որևէ բան չի փոխում։
«Եթե նույնիսկ քննարկենք մի տարբերակ, երբ ընդհանուր կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման համատեքստում երկու կողմերը ուղիղ նստում են բանակցությունների սեղանի շուրջ, սա, գործնակակում, փակուղի տանելու ճանապարհն է, որովհետև ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ վերջիններիս համար Ղարաբաղյան հարց գոյություն չունի, խնդիրը լուծված է, հետևաբար, դրա հետ կապված որևէ բանակցության կարքի չկա», - ասաց Աղաջանյանը։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով, սակայն, հայկական կողմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է ադրբեջանական կողմի դիրքորոշումից ու դրանով է պայմանավորված, որ բոլոր տիպի գործընթացներում ու խոսակցություններում մշտապես կա երրորդ կողմ, որը որոշակիորեն բարձրացնում է կողմերի պատասխանատվությունը ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում։
«Իհարկե, գործնականում դա ամբողջությամբ տեղի չի ունենում, մենք երեք եռակողմ հայտարարություն ունենք, որի հետևանքով առնվազն չի կարելի արձանագրել, որ ադրբեջանական կողմը իր ստանձնած պարտավորություններն իրականացնում է», - նշեց նա։
Էդուարդ Աղաջանյանը առաջարկեց վարժություն անել, անցնել հայտարարությունների յուրաքանչյուր կետով ու ասել, թե որոնցում է, որ Հայաստանը թերանում է կամ, առհասարակ, չի հետևում ստանձնած պարտավորություններին։
«Ես ունեմ տպավորություն, որ սա օգտակար վարժություն է, որովհետև, մեր ընկալմամբ, միջազգային մեր գործընկերների դիրքորոշումներում կան որոշակի փոփոխություններ», - հավելեց Աղաջանյանը։