25/03/2022 15:01
Ադրբեջանը հեղինակազրկում է խաղաղության օրակարգը, բայց մեր կարևորագույն առաքելությունը որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից. Աղաջանյան
Խաղաղության օրակարգը, որի սպասարկմանը միտված է ՀՀ իշխանության գործունեությունը, որևէ կերպ չի կիսվում ադրբեջանական կողմից՝ չնայած որ, հրապարակային խոսույթում Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ներկայանում է որպես խաղաղության հաստատման ջատագով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Այդուամենայնիվ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը կողմ է խաղաղությանը։
«Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։
Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։