25/03/2022 14:23
Քարագլուխը կորցնելու դեպքում ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը կկորցնենք. եթե իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել. Հակոբյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։
«Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները», - Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։
ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։
Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասաց, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։
«Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին», - ընդգծեց ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ՝ հարվածային ԱԹՍ:
Ծավալված փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Ժամը 09։00-ի դրությամբ, ըստ Արցախի ՊԲ-ի, իրադրությունը հարաբերականորեն կայուն է։