26/03/2022 19:00
Անպտղության ախտորոշումը նույնքան սթրեսոգեն է, որքան մոտ հարազատի կորուստը. սեքսոպաթոլոգը՝ խնդրի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում անպտղության տարեկան շուրջ 2 միլիոն նոր դեպք է գրանցվում: Անպտղությունը լրջագույն բժշկասոցիալական խնդիր է և առողջապահական տեսանկյունից ազգաբնակչության մի շարք վիճակագրական ցուցանիշների վրա զգալի ազդեցություն է ունենում, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
«Ամուսնական զույգը, որ շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով, բեղմնականխիչ մեթոդներ չի կիրառում և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու՝ առկա՞ է տղամարդու անպղություն, կնոջ անպտղություն, թե՞ համակցված տեսակն է», - ասում է նա։
Բժիշկի խոսքով, սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդայինի դեպքում գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրներ:
«Տղամարդու և կնոջ գործոնները գրեթե հավասարապես պատասխանատու են անպտղության համար, խնդրի դեպքում ցանկալի է, որ միասին անցնեն հետազոտություն և ստանան համապատասխան բուժում»։
Մասնագետը կարևորում է նաև խնդրի հանդեպ վերաբերմունքն ու հանրային ընկալումը. անպտղություն ախտորոշումը լրջագույն հոգեբանական բարդույթներ է առաջացնում զույգի մոտ, ըստ ուսումնասիրությունների՝ սթրեսոգենության աստիճանասանդղակով անպտղություն ախտորոշումն ունի նույն սթրեսոգեն ազդեցությունը՝ ինչ մոտ հարազատի կորուստը։
Ախտորոշումից հետո զույգի ամուսնական, սեռական կյանքում հոգեբանական խնդիրներ են ի հայտ գալիս։ Զույգերը կենտրոնանում են միայն ձվազատման օրերի վրա, սեռական կյանքը կառուցում են միայն դրա շուրջ. որպես հետևանք՝ խաթարվում է զույգի ներդաշնակ ամուսնական կյանքն ու հոգեսեռական բավարարվածությունը, արձանագրվում են նաև սեքսուալ խանգարումներ։ Մասնագետը հորդորում է զույգերին կարևորել և ուշադրություն դարձնել սեռական կյանքի որակին։ Ախտորոշումը երբեք չպետք է համարել դատավճիռ, ժամանակակից դեղորայքային, արտամարմնային մեթոդները, ինչպես նաև ժամանակին արձագանքելը բարձրացնում են բուժման արդյունավետությունը։
Ցավոք, համաշխարհային տվյալներով անպտղության ցուցանիշների աճման տենդենց է նկատվում։ Միտումը պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, ըստ որոշ հետազոտությունների՝ գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ, ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է դառնալ, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա, ասում է Սևադա Հակոբյանը:
«Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պտղաբերության) խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. կարևոր է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունները: Ժամանակին և ճիշտ իրականացված բուժումն է արդյունք տալիս», - նշում է նա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։