26/03/2022 18:00
Ե՞րբ հայ մանուկները կկարողանան կրկես այցելել և երկար սպասված ներկայացումները դիտել
Շուրջ 10 տարի է՝ Երևանի կրկեսի դռները հանդիսատեսի առջև փակ են. պատճառը հիմնակառուցման աշխատանքներն են, որոնք, ըստ «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի, գրեթե ավարատական փուլում են։
Թե կոնկրետ երբ հայ մանուկները կկարողանան կրկես այցելել և երկար սպասված կրկեսային ներկայացումներ դիտել, Aysor.am-ի թղթակիցը փորձել է պարզել հենց նրանից։
«Նոր կրկեսը շուտով կլինի. շինարարական աշխատանքների վերջնական փուլ ենք թևակոխել։ Հույս ունենք՝ մինչև մյուս տարվա կեսը կրկեսի շենքը պատրաստ կլինի։ Շինարարները դժվարանում են հստակ վերջնաժամկետ նշել, գործին մեծապես խանգարեց կորոնավիրուսի համավարակը։
Բայց ես ամեն օր գնում և անձամբ հետևում եմ շինարարական աշխատանքներին։ Կրկեսն արդեն պատրաստ է, այլևս ուշացնելու տեղ չկա», - ասաց Սոս Պետրոսյանը։
Կրկեսի տնօրենը միաժամանակ տեղեկացրեց, որ այս փուլում սպասում են շուրջ 2500 աթոռների (նախկինում դրանց թիվը 1563 էր՝ խմբ.) և միլիոնավոր դոլարներ արժեցող լուսաձայնային համակարգերի տեղ հասնելուն. դրանք ուղարկվում են Ռուսաստանից։
«Մինչ նոր կրկեսը պատրաստ կլինի, մենք անգործ չենք մնում. ապրիլի 2-ին և 3-ին բոլորիդ հրավիրում եմ կրկես, բայց Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Կրկեսը վառում է լույսերը» խորագրով ներկայացմանը։ Այս ներկայացումների՝ տոմսերը սպառված լինելու պատճառով հանդիսատեսին կներկայանանք նաև մայիսի 21-ին՝ նույն ծրագրով, նույն վայրում՝ ժամը 12։00-ին և 14։00-ին։
Շատերը կկարծեն, որ քանի դեռ կրկեսի շենքը չկա, մենք սպասում ենք։ Ո՛չ, մենք ակտիվ աշխատում ենք՝ բոլոր շրջաններում, զորամասերում, մանկատներում, խնամքի կենտրոններում և այլն։
Բացի այդ՝ կրկեսին կից գործում է Լեոնիդ Ենգիբարյանի ստուդիան, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ունեմ կրկեսային ռեժիսուրայի կուրս», - ասաց Սոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի շենքն ամբողջովին ապամոնտաժելու նպատակով պայթեցվել էր 2012 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 2014 թվականին նոր կրկես ունենալու պայմանով։ Նախագծի համաձայն՝ կրկեսի գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրից կհասնի մինչև 21 մետրի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։