26/03/2022 20:00
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Համաձայն հրամանագրի՝ Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝
1.սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը
2.արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները
3.կասեցվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վրա: