26/03/2022 19:36
Կարծում եմ՝ ՀՀ քաղաքական կյանքն այնքան չի դեգրադացվել, որ Արցախի ղեկավարությունը, առանց Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվելու, դիմեր ՌԴ նախագահին. վերլուծաբան
Արցախի իշխանությունների այս քայլը գնահատելու համար պետք է նախ հասկանալ՝ դա իրենց ինքնուրո՞ւյն որոշումն է եղել, թե՞ ՀՀ իշխանությունների հետ նախապես պայմանավորված քայլ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի՝ պաշտոնական գրությամբ Ռուսաստանի նախագահին դիմելու գործընթացին։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնական գրությամբ Վլադիմիր Պուտինից խնդրել են վերանայել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը և համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները։
«Գրավոր դիմումից առաջ ՀՀ վարչապետը խոսել էր ՌԴ վարչապետի հետ՝ քննարկելով հենց այս հարցը։ Եթե այս տրամաբանության ծիրում ենթադրություններ անենք, ապա, երևի թե, դա եղել է պայմանավորված քայլ։ Նաև կադրեր էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից մեծ շարասյուները դեպի ՀՀ հարավ են շարժվում։ Հիմա հարց է՝ պայմանավորվածություն կա՞, թե՞ չկա։
Եթե Ռուսաստանը Հայաստանից Արցախ զորք է մտցնում՝ առանց Ադրբեջանի ղեկավարության հետ պայմանավորվելու, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյմեբերի 9-ին ստորագրված փաստաթղթի պայմանները։ Այդ դեպքում Ռուսաստանն արդեն ինքնուրույն քայլ է կատարում և ավելացնում է իր խաղաղապահների թիվը»,- նշեց մեր զրուցակիցը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ եթե զարգացումները վերոնշյալ տրամաբանության մեջ են, ապա Արցախի իշխանությունների՝ ՌԴ նախագահին գրավոր դիմում հղելը տրամաբանություն է ստանում։
«Եթե ոչ, ապա ես չգիտեմ Արցախի իշխանությունների այս քայլն ինչպես գնահատել․ երևի առավելագույնը՝ որպես բողոք։ Բայց, համենայն դեպս, կարծում եմ, որ ՀՀ քաղաքական կյանքն այնքան չի դեգրադացվել, որ Արցախի ղեկավարությունն, առանց Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվելու, նման քայլ կատարի, ՀՀ ղեկավարությունն էլ ՌԴ-ի հետ չպայմանավորված հայտարարություն անի։ Եթե այդպես է, ուրեմն դիմումը պետք է նորմալ գնահատել»,- ասաց քաղաքականա վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահին ուղղված գրավոր դիմումում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել էր՝ հայկական կողմը պատրաստ է զորակազմի անձնակազմին ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններով։