26/03/2022 09:34
«Հրապարակ». ՀՀ ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել. Մովսես Հակոբյանը չգիտի
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Արցախում գազի վթարի պատասխանատուն ռուսական կողմն է. «Վթարը կամ չգիտեմ ինչ անվանել, քանի որ դա վթար չէ,մեն դեպքում, գազի վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների վերահսկողության գոտում»։ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, երեկ պատասխանելով հարցին, թե իրեն հայտնի՞ է՝ գազատարի վթարված հատվածն ում վերահսկողության տակ է գտնվում, պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանի»։ Այսինքն, ՀՀ ԱԳ նախարարը սո՞ւտ է խոսել։ «Ոչ, պարզապես ես ու արտգործնախարարը տարբեր կերպ ենք հասկանում, ես հասկանում եմ ամսի 9-ի ստորագրած իրենց փաստաթղթով, ինքը չգիտեմ որ փաստաթղթով է ասում, թե որտեղ է գտնվում»։
Հիշեցնենք. Արցախի տարածքում մարտի 8-ից՝ 11 օր, գազ չկար: Ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր, որ վերանորոգեին խողովակը։ Մարտի 18-ին հաղորդեցին, որ ադրբեջանական կողմը գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտել է, գազամատակարարումը վերականգնվեց, սակայն մեկ օր անց այն կրկին խափանվեց։ Տեղեկացանք, որ խողովակի վրա թշնամին փական է դրել, որ երբ ուզենա, դադարեցնի Արցախի գազամատակարարումը»։