26/03/2022 15:47
Այն իրավիճակում, որում հիմա մենք ենք գտնվում, նման հարցերը չեն քննարկվում. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին
Այս պահին Արցախում տրամադրությունն, ընդհանուր առմամբ, խուճապային չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող տրամադրություններին և նախօրեին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին։
«Բնականաբար, միշտ չի ստացվում սառը լինել, երբեմն զգացմունքների ազդեցության տակ խուճապ էլ է առաջանում։ Այս պարագայում խուճապը կդառնա մեր հերթական թշնամին, ինչը չի կարելի թույլ տալ», - ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Ստեփանակարտում երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիային, ապա, ըստ Մետաքսե Հակոբյանի, յուրաքանչյուրն ազատ է իր կամքն արտահայտելու։
«Ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել՝ հասկանալով, գիտակցելով, որ մենք այսօր ունենք Հայաստանի կամակատար իշխանություններ, ինչի հետևանքով և հասել ենք այս վիճակին։ Սակայն հատկապես պատերազմական իրավիճակներում մենք պետք է կարողանանք սառը դատել և մեղմել զգացմունքները։ Յուրաքանչյուր քայլ անելիս պետք է հասկանանք, թե ինչքան է մեր երկրին օգուտ բերելու, և ինչքան՝ վնասելու։
Մենք այն ընդդիմադիր ուժն ենք, որն ամենաշատն է քննադատում իշխանությանը և նախագահին, բայց գիտակցում ենք, որ այն իրավիճակում, որում հիմա մենք ենք գտնվում, նման հարցերը չեն քննարկվում։
Դա պետք է արվեր պատերազմից անմիջապես հետո, ինչը մենք նախաձեռնեցինք, և ո՞ւր էին այն ժամանակ հենց այս ակտիվիստները։ Այս ողջ ընթացքում, երբ փորձում էինք քաղաքական լուծումներով այդ հարցերը կարգավորել, ո՞ւր էին այս ակտիվիստները։
Արցախույմ ապրողների համար ավելի դժվար է, քան Հայաստանում ապրողների՝ ամեն օր տեսնել այն մարդուն, ով կապիտուլյացիայի մաս է կազմել, ով երկիրը ղեկավարել է հենց այն ժամանակ, երբ մեզ դավաճանել են, և բոլոր կասկածներն ու հիմքերը կան, որ նա ամբողջությամբ նույն պատասխանատվությունն է կրում, ինչ ՀՀ վարչապետը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, որ երկրի նախագահի պարբերական արդարացումներին, թե իր ձեռքին ոչինչ չկար, կարելի է շատ հանգիստ հակադարձել.
«Եթե քո ձեռքին ոչինչ չկար, ապա դուրս գայիր և ժողովրդի հետ անկեղծ լինեիր, հանձնեիր այդ իշխանությունն այն մարդուն, ում ձեռքին ինչ-որ մի բան կար», - ասաց Հակոբյանը՝ նշելով, թե հասկանալի չէ այն մարդկանց պահվածքը, ովքեր նախաձեռնում են այսպիսի հավաքներ, քանի որ նրանք իրենց վերաբերմունքը կարող են արտահայտել, երբ երկրում վտանգ չկա։