26/03/2022 19:25
Ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, միայն անելու է առավելագույնը՝ իր համար, հատկապես եթե տեսնում է, որ ինքներս հրաժարվել ենք մեր շահերից․ թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջելու իր կողմից գրավված որևէ դիրք, բարձրունք, ճանապարհ, դաշտ կամ գյուղ: Ոչ մի բան, որը նվաճել է` անկախ նվաճման ճանապարհից: Ու անկախ գտնվելու վայրից` լինի Արցախում, թե Սյունիքում:
Բանակցություններն էլ լինելու են անպտուղ: Դրանք կարող են լավագույն դեպքում կասեցնել այդ պահին առկա առաջընթացը, բայց ոչ երբեք նրանց ձեռքից հետ վերցնել որևէ կորսված տարածք: Ադրբեջանը չի հանձնում ուղղակի, բանակցություններով: Ավելին, Հայաստանին որևէ զիջում անելու ցանկություն և իմաստ Բաքվում չեն տեսնում ոչ միայն այն պատճառով, որ դա ինքնին հակասում է Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային-պետական շահերին, այլ նաև այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը համոզվել է, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստ է զիջել ու ուժ չկիրառել կասեցնելու հայկական տարածքների օկուպացիան` անկախ դրանց չափից ու գտնվելու վայրից:
Հիշենք 2020թ. դեկտեմբերին Սյունիքի արևելյան դիրքերի հանձնումը, ապա նաև մայիսից սկսած՝ Սյունիքի և Գեղարքունիքի աստիճանական օկուպացիան, որից հետո հայկական կողմը միայն նիստեր արեց ու ոչ թե զենքով հետ շպրտեց Ադրբեջանի զորքերը, այլ կապիտուլյանտի բերանով առաջարկեց «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթությունը: Այսպիսի մոտեցումը կանաչ լույս է Բաքվի համար, որի շարունակությունը այսօր տեսնում ենք Փառուխում ու Խրամորթում: Կարելի է վստահ պնդել, որ սա մարսելուց հետո Ադրբեջանի կողմից հաջորդիվ նոր հարձակումներ կլինեն նաև Սյունիքի վրա:
Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է` մարտի դաշտում և բանակցողի փոփոխությունը` դիվանագիտական հարթակում: Երկուսին հասնելու համար կա բացառապես մեկ միջոց` հեռացնել Հայաստանը դե ֆակտո կառավարող թուրքամետ խմբավորմանը և ձևավորել ազգային կառավարություն:
Հայաստանը փրկվելու այլ շանս չունի: Ու ոչ մի դաշնակից չի փրկելու մեզ, այլ միայն անելու է առավելագույնը իր համար: Ոչ մի դաշնակից, հատկապես եթե տեսնում է, որ մենք ինքներս հրաժարվել ենք մեր շահերից: Սա է պարզ ճշմարտությունը:
Պարզ ճշմարտություն է նաև այն, որ ազգային բոլոր ուժերը պետք է իրենց վրա վերցնեն ժողովրդի իրական խնդիրները լուծելու պատասխանատվությունը` դուրս գալով կոմֆորտի վիճակից»: