26/03/2022 14:19
Ադրբեջանը հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի է ենթարկում ԼՂ ժողովրդին՝ նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը. ՔՊ-ական պատգամավորը՝ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը քիչ առաջ նամակ ք հղել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին և ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Քարի Հենրիկսենին, այս մասին ֆեյսբուքում գրել է պատգամավորը։
«Նամակում նկարագրել եմ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած սողացող պատերազմի վերջին օրերի գործողությունները և գազի մատակարարման խափանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։
Միջազգային խորհրդարանական գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչդեռ միջազգային հարթակներում Ադրբեջանը հանդես է գալիս Հարավային Կովկասում իբրև թե խաղաղության հաստատման դիրքերից, գործողությունների մակարդակում Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ որպես նպատակ ունենալով ամբողջությամբ հայաթափել Արցախը։
Ընդգծել եմ միջազգային հանրության կողմից ստեղծված իրավիճակին արագ արձագանքի և Ադրբեջանին անհապաղ զսպելու կարևորությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցված և վերջնական կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - գրել է Աղաջանյանը։