27/03/2022 22:50
Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է հետքաշման մասին Ռուսաստանի տեղեկությունը. նրանք շարունակում են մնալ Փառուխ գյուղի և մոտակա բարձունքների դիրքերում
Ադրբեջանական զինուժը շարունակում է դիրքերում մնալ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքներում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Ցավով նշում ենք, որ ՌԴ ՊՆ-ն մարտի 27-ի իր հայտարարության մեջ նշել է իրականությանը չհամապատասխանող մի շարք կետեր։ Մասնավորապես՝ Փառուխ գյուղում և մոտակա բարձունքների դիրքերում փոփոխություններ չեն եղել։ Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական զինուժը հետ է քաշվել այդ դիրքերից, չի համապատասխանում իրականությանը, մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Գերատեսչությունից նշել են, որ ՌԴ ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և ադրբեջանցի զինվորականները վիրավորվել են, չեն համապատասխանում իրականությանը։
«Կրկին հիշեցնում ենք, որ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ ՌԴ ՊՆ մարտի 26-ի և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է։
«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ասվում է նախարարության կայքում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։