28/03/2022 12:15
Հայաստանը չի կարող անվերջ ավելացնել պետական պարտքն ու դա թողնել հաջորդ սերունդների վրա. Հռիփսիմե Ստամբուլյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով՝ Հայաստանը չի կարող անվերջ ավելացնել պետական պարտքն ու դա թողնել հաջորդ սերունդների վրա։
«Յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ փոքր, միջին ու խոշոր կազմակերպությունները սկսում են ծախսերի վերանայում անել ու դա շատ օրինաչափ է։ Ձեր խոսքից հասկացա, որ դուք անգամ ընթացիկ ծախսերի վերանայում չեք պատրաստվում անել, բայց ես կարծում եմ, որ ֆինանսների նախարարությունը պետք է շատ հստակ ու կտրուկ միջոցներ ձեռնարկի, որովհետև այս ծանր ֆինանսական իրավիճակում մենք մեզ ճոխություն թույլ տալ չենք կարող, մասնավորապես, պարգևավճարների առումով կլինի, գործուղումների կրճատման առումով, նաև՝ գործուղումների մեկնող անձանց թվաքանակի կրճատումներով, բայց, եթե բիզնեսն իրեն թույլ չի կարող տալ անվերջ պարտքեր վերցնել, որովհետև մի օր այդ պարտքերը մարել է պետք, պետությունը ևս չի կարող անվերջ պետական պարտքն ավելացնել ու թողնել մյուս սերունդների վրա։ Ես կարծում եմ, որ պետությունը, հանձինս նաև պետության ղեկավարի, չգիտեմ՝ որքանով է լուրջ ընկալում այս ամենը, պետք է շատ հստակ ընդունի, որ չենք կարող անընդհատ ավելացնել պետական պարտքը», - դիմելով ՀՀ ֆինանսների նախարարին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ չեն պատրաստվում ու չեն կարծում, որ պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել։
«Պարտք պետք է վերցնել, երբ դրա անհրաժեշտությունը հստակ է ու վերադարձման կարողություններն առկա են», - նշեց նախարարը։