28/03/2022 19:30
Մանկաբարձի դերակատարումը ծննդօգնության կազմակերպման և երեխայի խնամքի մեջ. Մանրամասնում է մասնագետը
Ապագա մայրիկի և երեխայի վիճակի որակյալ և մասնագիտացված բժշկական հսկողությունը թույլ է տալիս կանխել բազմաթիվ կրիտիկական իրավիճակներ։
Այս փուլում շատ է կարևորվում մանկաբարձի մասնագիտական աշխատանքը, որը ծննդաբերության ժամանակ հսկայական է, քանի որ իրենց փորձից, գիտելիքներից և հմտություններից է շատ հաճախ կախված մոր և մանկան կյանքն ու առողջությունը:
Մանկաբարձի մասնագիտական դերի, ապագա մայրերի հետ տարվող աշխատանքի և երեխայի խնամքի մասին Aysor.am-ը զրուցել է մանկաբարձ Իռա Մակյանի հետ.
«Մանկաբարձը մասնագետ է, ով օգնում է կանանց մայրանալ. մշակում ծննդօգնության և բարդությունների առաջացման կանխարգելման մեթոդներ, հղի կնոջն ուղեկցում ծննդատուն, գտնվում ապագա մոր կողքին՝ ծննդաբերությունից առաջ, դրա ընթացքում և հետո. ծննդաբերողներին ցուցաբերում անհրաժեշտ բժշկական և բարոյահոգեբանական օգնություն»:
Մասնագիտական բարձր պատրաստվածությունից բացի, մանկաբարձները պետք է ունենան նաև պատասխանատվության զգացում, կարեկցելու կարողությունը, լինեն մեղմ և բարի։
Խոսելով այս որակների մասին, մասնագետն անդրադարձավ նաև ծննդաբերության ընթացքում ապագա մայրիկի և մանկաբարձի շփմանը.
«Մանկաբարձի և հղի կնոջ միջև փոխվստահություն և անմիջական կապ ձևավորելու համար անհրաժեշտ է առաջին հերթին անկեղծություն. այս պարագայում շատ է կարևորվում կնոջ խոսքն իր ցանկությունների և զգացողությունների արտահայտման, կարիքների բարձրաձայնման հետ կապված։ Որքան էլ դժվար լինի, ցանկալի է, որ նա հետևի բժիշկ- գինեկոլոգի և մանկաբարձի ցուցումներին, լսի նրանց։ Այս քայլերը բավականին օգնում են մանկաբարձին՝ ճշգրիտ վարելու ծննդաբերության ընթացքը։
Անմիջական և վստահելի մթնոլորտ ստեղծելու համար նաև անհրաժեշտ է հոգատարություն, երկուստեք հարգանք, նվիրված աշխատանք և պրոֆեսիոնալիզմ»։
Ծննդաբերության հաջող ընթացքից հետո, շատերին թվում է, թե դժվարին փուլն ավարտված է, սակայն հաջորդող փուլերը ևս թե՛ ծնողներից, թե՛ մանկաբարձից մեծ ուշադրություն ու գերխնամք են պահանջում։
Մանկաբարձ Իռա Մակյանն առանձնացրեց ծննդաբերությունից հետո երեխայի հետ տարվող խնամքի կարևոր ու առաջնային քայլերը.
«Ծննդաբերությունից անմիջապես հետո կարևորվում է երեխային մորը մոտեցնելը ՝ ապահովելով նորածնի և մոր կապը։
Կյանքի առաջին ժամերի ընթացքում երեխայի աչքերը մշակվում են հակաբիոտիկ պարունակող քսուքով, կատարվում է սանացիա՝ օգնում են փոքրիկին դատարկել քթի պարունակությունն ու բերանից հեռացվում է հեղուկը։
Կարևոր քայլերից է պորտի մշակումը, որը կենսական նշանակություն ունի նորածնի խնամքի հարցում. առողջ պորտը երեխայի ճշգրիտ խնամքի գրավականն է»։
Փոքրիկի խնամքը ամենահաճելի և միևնույն ժամանակ ամանաբարդ աշխատանքն է, որի մեջ երեխային շրջապատող մարդիկ պետք է համատեղ ջանքեր ներդնեն։ Շատ կարևոր է, որ ծնողներն իմանան՝ ինչպես կազմակերպել երեխայի խնամքը կյանքի առաջին իսկ օրվանից. դրա համար անհրաժեշտ է ամրապնդել ծնող-մանկաբույժ հարաբերություններն ու փոխվստահության մթնոլորտը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։