28/03/2022 19:00
Ուղղություններ Հայաստանում՝ սկսնակ արշավականների համար. ինչպես պատրաստվել, ինչ ունենալ պայուսակում
Հատկապես վերջին երկու տարում կորոնավիրուսով պայմանավորված՝ շատերը սկսեցին արշավներով հետաքրքրվել։ Նաև նոր ստեղծված արշավային ակումբներն էլ աշխուժություն առաջացրին՝ նոր ծրագրերով, նոր ստեղծարար մոտեցումներով ավելի շատ ու նոր մարդկանց ներգրավելով, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Armenian Discovery արշավական ակումբի հիմնադիր Նորայր Հակոբյանը։
Արշավների մասնակցելու, լեռնագնացության առաջնային պայմանն անվտանգության կանոնները պահպանելն է։
Հագուստի, կոշիկի ընտրությունը պայմանավորված է արշավի տեսակից, ուղղությունից, եղանակից։ Սկսնակները, եթե չունեն հատուկ արշավային հանդերձ, ցանկալի է, որ հագնեն հերմետիկ, ամուր կոշիկներ, որ օրինակ սայթաքելու դեպքում ոտքը չվնասվի։
Արշավային հանդերձը նաև շուտ չորանում է, այնպես որ քրտնելու, թրջվելու դեպքում անհարմարություն չի ստեղծվում։ Իհարկե, փորձ ձեռքբերելուն պես մասնակիցներն իրենք են հասկանում՝ որ տեսակ հագուստով է իրենց առավել հարմար։
Պարտադիր է ունենալ գլխարկ, ակնոց, արևապաշտպան միջոցներ՝ այրվածքներից խուսափելու համար, քանի որ ժամեր շարունակ արշավականները գտնվում են արևի ուղիղ ճառագայթների տակ։ Այրվածքներից խուսափելու համար ցանկալի է, որ մարմինը մաքսիմալ փակ լինի, ամռանը անփորձ արշավակնանները հագնում են բաց հագուստ. այնինչ, նախընտրելի է թեթև, բայց մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստը։
Կարևոր աքսեսուար է ուսապարկը. մեկօրյա արշավների դեպքում ցանկալի է ունենալ 20-ից 40 լիտր տարողության պայուսակ, մի քանի օրվա դեպքում՝ 60 և ավելի։ Արշավական հագուստը ծանր չէ ու նաև մեծ տեղ չի զբաղեցնում պայուսակում։ Ուսապարկում ցանկալի է ունենալ առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, վզկապ, անջրանցիկ հագուստ։ Շատ կարևոր է ճիշտ սնունդ ունենալը, նախընտրելի են բանջարեղեն, ընդեղեն, չրեր, դառը շոկոլադ, մեկ-մեկուկես լիտր ջուր ունենալ և հիշել, որ պետք է խմել փոքր կումերով։
Նորայր Հակոբյանը հորդորում է՝ արշավից հետո անպայման տաք լոգանք ընդունել և անմիջապես քնել. այդ դեպքում հոգնածությունը միանգամից կանցնի։
Սկսնակների համար խրախուսելի են ցածր գագաթներով, կարճ քայլուղիներով ուղղությունները, եղանակային առումով ամենահարմար շրջանը ապրիլ-մայիսն է։ Հատկապես այս շրջանում բնությունը շատ տպավորիչ է, առաջին անգամ արշավողի համար սա կարևոր է, որպեսզի անպայման ցանկություն առաջանա նորից մասնակցելու։
Ուղղություններ, որ կտպավորեն սկսնակներին
Տավուշի մարզն արշավային ամենախիտ ուղղություններից է. բազմաթիվ վանքեր, ջրվեժներ, լճեր, գագաթներ։ Օրինակ՝ Պարզ լճից քայլարշավ դեպի Գոշի լիճ (12 կմ) Ապակեքարը՝ 10 կմ, Կիրանց վանքը՝ 20 կմ, Հովքից կարելի է քայլել Հաղարծին՝ ճանապարհին գագաթներ հաղթահարելով։
Մայիս ամսին շատ գրավիչ է Ապարանի ջրամաբարի շրջակայքը՝ ծաղկած դաշտերով, Արագածի տեսարանով։ Ապրիլ-մայիսին շատ հարմար են նաև Վայոցձորյան ուղղությունները՝ Սմբատաբերդ-Ցախաց քար, Եղեգիսի կիրճ, Գնիշիկի կիրճ, որտեղից հնարավոր է տեսնել բեզոարյան այծերին, ինչպես նաև հիանալ Նորավանքով՝ թռչնի թռիչքի բարձրությունից։
Լեռնային տպավորիչ վերելքի համար հարմար է Արտանիշը, գագթից ողջ հմայքով երևում է Սևանա լիճը, Արտանիշն այքան էլ մեծ փորձ պահանջող գագաթ չէ, մայիսի վերջն ամենահարմար շրջաններից է, քամոտ չէ, ինչպես ձմռանը։
Ստացված արշավների կարևոր պայման է նաև փորձառու արշավականների հետ ճանապարհ գնալը, հատկապես առաջին արշավը պետք է վստահել պրոֆեսիոնալ կազմակերպության, որ հավելյալ խնդիրներ չառաջանան։
Նորայր Հակոբյանը հորդորում է՝ որոշակի փորձ ձեռքբերելուց հետո անպայման հաղթահարել Գեղամա լեռները, Խուստուփը, Արագածը, որի հյուսիսային՝ ՀՀ-ի ամենաբարձր գագաթը կարող են հաթահարել շատ-շատերը։
Արշավները ոչ միայն հնարավորություն են ճանաչելու հայրենիքը, այլ նաև կոփելու կամքը. մի քանի արշավ հետո մարդիկ նկատում են բնավորության փոփոխություն՝ ավելի նպատակասլաց, հանգիստ ու հավասարակշված են դառնում, բարձրանում են աշխատունակությունն ու արդյունավետությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։