28/03/2022 12:52
Բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր. նախարար
Ադրբեջանական կողմը չի ազատել Քարագլխում զբաղեցրած դիրքերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նախարարն ասաց, թե չի կարող մեկնաբանել. քննարկումներին չի մասնակցում։
«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքեր խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ, կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որ ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր», - հայտարարեց Գնել Սանոսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քարտեզներ էր հրապարակել՝ ընդգծելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։
«2022թ. մարտի 28-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։