28/03/2022 20:12
Որպես հանձնաժողովի նախագահ՝ կգերադասեի, որ ավելի հաստատուն փոխարժեքով գնեինք գազը․ Գարեգին Բաղրամյան
Կառավարությունում կա նման քննարկում, ընդամենը այդ մակարդակով կարող եմ պատասխանել, բայց թե ինչ զարգացում և ընթացք կա, չեմ կարող ասել, ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու խնդրին անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Կազդի՞ արդյոք ռուբլով վճարումը գազի սակագնի վրա․ ՀԾԿՀ նախագահը նշեց՝ ցանկություն կա առաջիկա 10 տարիների համար սահմանել որոշակի կայունություն ունեցող՝ արդյունքի վրա հիմնված գնային քաղաքականություն։
«Ֆիքսենք որոշակի կորուստները և ծախսերը, իսկ որոշակի տարիներից հետո ունենանք արդյունքային ցուցանիշներ՝ կորուստների նվազեցում, ծախսերի կրճատում։ Այդ պարագայում այդ մեթոդաբանության շրջանակներում նաև այն դրական ու բացասական գումարները, որոնք կառաջանան կուրսի տատանումից կամ իրացված գազի տարբերությունից, բոլորը փոխհատուցվելու են կամ «Գազպրոմին» կամ հակառակը»,- ասաց Բաղրամյանը։
Այս մեթոդաբանությունը, նրա խոսքով, դեռ պաշտոնապես չի ընդունվել, բայց «Գազպրոմը» համաձայնել է, որ հիմնական մոտեցումները կիրառվեն։
«Ռուբլով կլինի, թե դոլարով, դա կանդրադառնա տարեկան արդյունքներով։ Այսինքն, եթե փոխարժեքը կայուն կլինի, քան դոլարի տատանումներն են, ապա այդ ազդեցությունը՝ դրական կամ բացասական, միևնույն է, հաշվի է առնվելու հաջորդ սակագների ժամանակ»,- նշեց ՀԾԿՀ նախագահը։
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու նպատակահարմարության վերաբերյալ Բաղրամյանը նշեց՝ որպես հանձնաժողովի նախագահ կգերադասեր, որ ավելի հաստատուն փոխարժեքով գնեինք գազը։
«Քանի որ կախված նրանից, թե տարեկան սակագնում ինչ փոխարժեք կներառվի գազի դիմաց, կարելի է, իհարկե, զարգացնել գնային քաղաքականությունը, ունենալ բանաձևային տեսք, որ ցանկացած պահի փոխարժեքով ճշգրտված լինի, բայց բնակչության առումով, քանի որ դեռևս նման քայլի չենք գնացել և ունենում ենք տարեկան գին, ինչքան ավելի կայուն փոխարժեքով լինի գազը, այսինքն տարվա ավարտին «Գազպրոմում» դրական կամ բացասական էֆեկտն այդ մասով շատ ավելի քիչ լինի, սակագնի հաջորդ վերանայման ժամանակ ավելի քիչ գումար կփոխհատուցվի՝ պարտադիր չէ «Գազպրոմին», թե սպառողին»,- ասաց նա։
Գարեգին Բաղրամյանը հավելեց՝ պետք է հստակ գնահատել, թե մեզ համար որ փոխարժեքով է ավելի ձեռնտու գազը գնել․
«Պետք է նայել ընդհանուր մակրոտնտեսական տեսանկյունից։ Կարծում եմ՝ պետք է լինի շահագրգիռ քննարկում՝ ներգրավելով էկոնոմիկայի նախարարությանը, Կենտրոնական բանկին՝ հասկանալու համար՝ ռուբլուն անցնելու սխեման մեզ համար ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»։