28/03/2022 13:38
Եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտ լինի, և ՌԴ-ն միջամտի, Շուշիի հռչակագրով Թուրքիան էլ պետք է միջամտի. արդեն երկրորդ ճակատ կբացվի. Ստեփան Դանիելյան
Եթե հայ-ադրբեջանական կոնֆլիկտ լինի, և Ռուսաստանը միջամտի, ապա Շուշիի հռչակագրով Թուրքիան էլ պետք է միջամտի, և արդեն երկրորդ ճակատ կբացվի։ Սա շատ ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
«Եթե Ռուսաստանը սա կուլ տա, և Արցախի հարցը լուծեն ադրբեջանցիները, ապա այստեղ ուրիշ պրոբլեմ կառաջանա. նա կկորցնի Հայաստանը կամ Հայաստանի վերաբերմունքը կդառնա հակառուսական, հետո կկորցնի Հարավային Կովկասը, հետո՝ Հյուսիսային Կովկասը, այնուհետև՝ Միջին Ասիան և այլն։ Սա արդեն Ռուսաստանի ազգային անվտանգության համար վտանգ կլինի։
Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ինչ-որ կերպ պետք է արձագանքի, իսկ եթե Ուկրաինայում իրավիճակը հաշվի առնելով՝ չկարողանա սովորական եղանակով արձագանքել, ապա չգիտեմ՝ ոչ սովորական եղանակով կարող է արձագանքել։
Շատերն արդեն խոսում են միջուկային պատերազմների մասին։ Նախկինում սա անհավանական էր, բայց նման իրավիճակներում, երբ երկրների անվտանգության հարցեր են առաջանում, ապա կարող են նաև նման քայլերի գնալ։ Բայց սա ծայրահեղ սցենար է, որը, երևի, և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում հասկանում են», - նշեց քաղաքական վերլուծաբանը։
Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Արևմուտքում, ըստ երևույթի, կան ուժեր, որոնք ներկայացված են Ադրբեջանում, և հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան, որը չափազանց ակտիվ էր նաև Ուկրաինայում, այստեղ երկրորդ ճակատ բացելու քայլեր անի՝ ինչ-որ եղանակով սրելով իրավիճակը։