28/03/2022 21:16
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը
Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը, հայտնում է «Արցախպրես»-ը։
Շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին ողջունել և ելույթով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը։
Դեսպանն իր ելույթում կարևորել է այս միջոցառման անցկացումն այսօր՝ հաշվի առնելով իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական դարավոր ներկայության մասին պատմական վկայությունները վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Արցախում հետևողականորեն առաջ տարվող էթնիկ զտման միտումները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը։ Ճարտարապետ Արա Զարյանը և վերականգնող Քրիստին Լամուրեն ներկայացրել են Դադիվանքի վանական համալիրի Կաթողիկե եկեղեցում գտնվող՝ 1297-ին թվագրվող որմնանկարների հայտնաբերման և ուսումնասիրման պատմությունը, ցուցադրվել են որմնանկարների և հայերեն արձանագրությունների վիճակը վերականգնումից առաջ և հետո։