28/03/2022 16:59
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:
10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը՝ 557 միավորով:
Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):
Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Գերազանց արդյունք է ցույց տվել նաև Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը, ով, խոցելով 573 միավոր, գրավել է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10 մ, 30+30 կրակոց թիմային միքս վարժությունում (1 տղա+1 աղջիկ) խոցել է 290 միավոր:
Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրել է ուսումնամարզական հավաք, ինչի ավարտից հետո մեկնել է Եվրոպայի առաջնությանը: