28/03/2022 20:26
Միայն ռուս համանախագահի հետ հանդիպումը չի կարող այն արդյունավետությունն ունենալ, ինչ բոլոր երեք երկրների համանախագահների հետ հանդիպումը. քաղաքագետ
Հայաստանն, իհարկե, իր առջև խնդիր է դրել ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, և այդ մասին պաշտոնապես հայտարարություններ եղել են, բայց քանի որ Ռուսաստանի և Եվրախորհրդի միջև խնդիրներ կան, հնարավոր է՝ այդ պատճառով ՀՀ արտգործնախարարն առաջիկայում ևս ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների հետ առանձին-առանձին հանդիպումներ ունենա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստան-Եվրոպա առկա հարաբերությունների պայմաններում հայկական կողմն այսպիսի ջանքերով կփորձի վերականգնել ՄԽ ձևաչափը։
«Չգիտեմ՝ կստացվի, թե ոչ, բայց ակնհայտ է, որ միայն մեկ՝ ռուս համանախագահի հետ հանդիպումը չի կարող այն արդյունավետությունն ունենալ, ինչ բոլոր երեք երկրների համանախագահների հետ հանդիպումը։
Ենթադրում եմ, որ առաջիկայում առանձին հանդիպումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ. ընդհանուր տրամաբանությունը սա է հուշում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետը միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ռուսաստան-Եվրոպա հակասությունները դեռ երկար ժամանակ ազդեցություն կունենան ՄԽ ձևաչափի լիարժեք աշխատանքների վրա։
«Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների ընթացքն առայժմ բացասական է, այսինքն՝ նորմալացման միտումներ չեն երևում, և կարծում եմ՝ այս վիճակը դեռ երկար կտևի։ Մեր խնդիրն է, որպեսզի այդ տարաձայնություններն արցախյան խնդրի կարգավորման վրա չտարածվեն։ Հակառակ դեպքում այլընտրանք կարող է հանդիսանալ «3+3» ֆորմատը, որը մեզ համար այնքան էլ ցանկալի չէ՝ համեմատած Մինսկի խմբի ֆորմատի հետ»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։