28/03/2022 17:53
«Մենք նոր լոգիստիկ շղթաներ ենք ստեղծում մեր հարևանների հետ»․ Ռուսաստան ներմուծվող ապրանքների ծավալը նվազել է
Ռուսաստան ապրանքների ներմուծման տեմպը վերջին շաբաթներին էականորեն նվազել է, միջոցներ են ձեռնարկվում այն կայունացնելու համար՝ մաքսային ընթացակարգերի պարզեցման, նոր մատակարարների հետ լոգիստիկ նոր շղթաներ ձևավորելու միջոցով, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի ներմուծումը, որը վերջին շաբաթների ընթացքում էականորեն կրճատվել է, առավելագույնս կայունանա, որպեսզի բիզնեսը նոր մատակարարներ գտնի նոր երկներից, ակտիվորեն ներկրի նրանց արտադրանքը։ Մենք նոր լոգիստիկ շղթաներ ենք մշակում մեր հարևանների հետ, ակտիվորեն քննարկում ենք նոր ուղիները»,- Ռեշետնիկովի խոսքերն է մեջբերել «Ինտեֆաքս»-ը։
ՌԴ տնտեսական զարգացման նախարարը հայտնել է նաև, որ այս շաբաթվանից իջեցվել են ԵԱՏՄ-ից մեծ ցանկով ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
«Խոսքը սննդամթերքի, այդ թվում՝ մանկական սննդի, բանջարեղենի մասին է, մոտ ժամանակներս դա կվերաբերի նաև մի շարք ոչ պարենային ապրանքների»,- ասել է Մաքսիմ Ռեշետնիկովը։