28/03/2022 12:44
«Իմ մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել». Գնել Սանոսյանը չմեկնաբանեց՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի մեկնաբանում՝ Երասխում դիրքային հետքաշումները սկսվե՞լ են, թե՞ ոչ։
«Ես հիմա ոնց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ, ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ հարցը կարևոր, նուրբ ու անվտանգային է ու իր մեկ անզգույշ միտքը կարող է մեզ վնասել։
«Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում», - նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ, բացի ամբողջական ետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:
«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», - հայտարարել էր Փաշինյանը։