28/03/2022 15:12
ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել. Սեյրան Օհանյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և խաղաղության գնալն առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման՝ անընդունելի է հայկական կողմի համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ ՀՀ միամիտ իշխանությունները դա չեն հասկանում», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, թե անընդունելի է, որ այդ ամենը չեն հասկանում Արցախի Հանրապետության իշխանությունները։
Պատգամավորն ասաց, թե հակառակորդն իր հեռահար նպատակներն է իրականացնում։
«Նրանք մարտավարական քայլերով փորձելու են ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից Արցախի ժողովրդի վրա ճնշումները կարողանան շարունակական դարձնել։
Իմ համար անընդունելի է Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները։ Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, նաև՝ Արցախում ՊԲ-ի ու խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ։ Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին։ Սա խոսում է այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել։ Միանշանակ, այսօր այս իրադրության պատասխանատուները այս իշխանություններն են», - ասաց Սեյրան Օհանյանը։