29/03/2022 19:30
Դիետիկ մտածողության ձևավորումը՝ վտանգ. Ի՞նչ բացասական ազդակներ է նկատում դիետոլոգը
Ի՞նչ է դիետիկ մտածողությունը, ինչպե՞ս է ձևավորվում ու ի՞նչ ռիսկեր է իրենից ենթադրում. երևույթի անվանումն ու նմանատիպ հարցերը կարող են առաջին հայացքից անծանոթ թվալ, բայց այն ուսումնասիրելու դեպքում պարզվում է, որ յուրաքանչյուրը, կյանքի գոնե որոշակի փուլում, մտածել է քաշի արագ նվազման, դիետաների ու, նույնիսկ, սովապահության մասին։ Սովորաբար այս ամենը ոչ միայն չի տալիս ցանկալի ու դրական արդյունք, այլև՝ ընդհակառակը՝ կարող է հանգեցնել առողջական և հոգեբանական մի շարք խնդիրների։
Դիետիկ մտածողության ձևավորման, դրա բացասական ազդեցության և սննդի հետ հաշտ ապրելու մասին Aysor.am-ը զրուցել է բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ։
Փորձը ցույց է տալիս, որ սննդի հանդեպ ձևավորված վախը ոչ այլ ինչ է, քան կախվածություն դիետաներից, իսկ թե ինչպես հասկանալ երևույթն ու փորձել կանխարգելել, պարզաբանում է մասնագետը.
«Հաճախ պացիենտը չի էլ կասկածում կամ ընդունում, որ առկա է նման կախվածություն: Միայն կոնսուլտացիայի ժամանակ՝ մանրամանս անամնեզ հավաքելուց հետո կարելի է հասկանալ, որ գործ ունենք նման խնդրի հետ»։
Երբ մարդու մոտ սկսում են ի հայտ գալ դիետիկ մտածողության հակումներ, սա արդեն խոսում է ոչ միայն առողջական, այլև հոգեբանական խնդրի մասին։ Այս ֆոնի վրա սկսում է տուժել կյանքի որակը, մարդուն ուղեկցում է մեղքի անհիմն զգացումը, ինչն էլ հետագայում կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ հանգեցնելով սննդային վարքի խանգարումների՝ անորեքսիա, բուլիմիա, շատակերություն և այլն։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք մարդն ինքնուրույն կարող է հաղթահարել դիետիկ մտածողության առաջացրած ճգնաժամային փուլը, թե՞, ամեն դեպքում, հոգեբանի և դիետոլոգի կարիք կզգացվի.
«Այս պարագայում անհրաժեշտ է երկարատև աշխատանք հոգեբանի և դիետոլոգի հետ, քանի որ սննդից վախը (ինչի պատճառով և ձևավորվել է դիետիկ մտածելակերպը) արագ և ինքնուրույն չի անցում»:
Բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանը կիսվեց այն առաջնային խորհուրդներով, որոնք կօգնեն սննդի հետ անհաշտ գտնվող մարդկանց՝ սկսելու վարել առողջ և գիտակցված ապրելակերպ.
Քաշի կարգավորման պարագայում՝
Սնունդը չընդունել որպես թշնամի
Չառանձնացնել մթերքները լավի և վատի, առողջի և անառողջի
Լսել և հետևել օրգանիզմի ազդակներին
Սովորել ճանաչել հագեցվածության զգացումը
Սիրել սեփական մարմինը
Մասնագետի համոզմամբ, նման պարագայում, այս միջոցների գործադրմամբ միայն կկարողանանք ճիշտ հոգ տանել մարմնի մասին և լինել ներդաշնակ ինքներս մեզ հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։