29/03/2022 21:33
Պատրաստ ենք ցանկացած սցենարի, նաև Եվրոպայի կողմից ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելուն․ Մատվիենկո
Ռուսաստանը պատրաստ է էներգառեսուրսների մատակարարմանն առնչվող բոլոր սցենարներին, այդ թվում՝ Եվրոպայի կողմից ռուսական էներգառեսուրսների մատակարարումներից ընդհանրապես հրաժարվելուն․ այդ դեպքում էներգառեսուրսները կուղղվեն դեպի այլ շուկաներ, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Մենք շահագրգռված չենք այդ սցենարով (Ռուսաստանից Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման դադարեցմամբ-խմբ․), բայց պատրաստ ենք ցանկացած տարբերակի, եթե Եվրամիությունն, այնուամենայնիվ, դիմի այդ չմտածված քայլին»,- ասել է Մատվիենկոն՝ ճեպազրույցի ժամանակ։
«Համաշխարհային շուկայում էներգառեսուրսների ծավալը սահմանափակ է։ Համավարակից հետո տնտեսությունների վերականգնման, աճի գործընթացներ են ծավալվել։ Մենք տեսնում ենք՝ որքան արագ են զարգանում ասիական երկրները, Չինաստանը, Հնդկաստանը։ Էներգառեսուրսների պահանջարկն էլ, անկասկած, կաճի։ Եթե Եվրամիությունը նման որոշում կայացնի, մենք կաշխատենք շուկաները փոխելու ուղղությամբ, այդքան բան»,- նշել է նա։