29/03/2022 09:46
«Ժողովուրդ». ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են և շատ լայն. Փորձագետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակն Արցախում, և ադրբեջանական զորքերն այլևս Փառուխ գյուղում չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը, սակայն, չուշացավ։ Նրանք նշեցին, որ ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարևորել։
«Այժմ էլ այնպիսի իրավիճակ է, որ սխալ հաշվարկ անելով՝ կարող ես հայտնվել վտանգի առջև»,- նշեց ռազմական փորձագետը։
Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են և շատ լայն»։