29/03/2022 11:35
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է. Ադրբեջանին առաջարկում ենք անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
Նա նշել է, որ մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժել են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ:
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա:
Խորհրդարանի ղեկավարի բնութագրմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է:
Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռեւս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են:
«Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ր ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ», - ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ՀՀ ԱԺ նախագահը: