30/03/2022 19:30
Աչքի լազերային վիրահատություն. Ի՞նչ պետք է իմանալ նախքան վիրահատվելը
Տեսողության խնդիրներ ունեցող շատ մարդիկ ինչ-որ պահի մտածել են աչքի լազերային վիրահատության մասին: Այս տարբերակը ամենահայտնի և ամենատարածվածն է նմանատիպ խնդիրները շտկելու համար։ Վիրահատության յուրաքանչյուր տեսակի իմացությունը շատ կարևոր է բուժման ճիշտ ձևն ընտրելու տեսանկյունից:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Շենգավիթ ԲԿ-ի բժիշկ-ակնաբույժ Աիդա Աբովյանի հետ՝ պարզելու նախավիրահատական շրջանի, վիրահատության տեսակների և հետվիրահատական փուլի մանրամասները։
Նախքան աչքերի լազերային վիրահատության դիմելը, պացիենտը պետք է հետևի բժշկի կողմից տրված մի շարք ցուցումների. ակնաբույժ Աիդա Աբովյանն առանձնացրեց դրանցից մի քանիսը.
- Փափուկ կոնտակտային ոսպնյակներ կրելու դեպքում վիրահատությունից 5-7 օր առաջ դադարել կրել կոնտակտային ոսպնյակներ (տորիկ՝ աստիգմատիզմը ուղղող ոսպնյակների դեպքում՝ 10-14 օր
- Խուսափել կոսմետիկ միջոցների օգտագործումից՝ հատկապես աչքերի շրջանում, ինչպես նաև չօգտագործել սուր հոտով օծանելիք
- Ցանկալի է ունենալ արևապաշտպան ակնոց
- Վիրահատությունից առաջ 2 օր չօգտագործել ալկոհոլ
- Խուսափել վիրահատության օրը (լազերային կորրեկցիայի ավարտից հետո) մեքենա վարելուց
Նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերմամբ և ժամանակակից բժշկության առաջարկած լուծումներով, աչքի լազերային վիրաբուժության տեխնիկան սկսել է աննախադեպ արագությամբ զարգանալ։ Կան բազմաթիվ տեսակներ, որոնք տարբերվում են կատարողական տեխնիկայով և բուժման առաջարկվող մեթոդներով։
«Հայաստանում ամենից հաճախ կիրառվում են Femto-Lasik և Lasik մեթոդները։ Լազերային միջամտությունների արդյունքում փոխվում է եղջերաթաղանթի ձևը, ինչի հետևանքով շտկվում են կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, իսկ Շենգավիթ ԲԿ-ում նաև պրեսբիոպիան (ազատելով պացիենտին 40 տարեկանից հետո «կարդալու» ակնոցը կրելուց)», - ասաց ակնաբույժը։
Ինչպես յուրաքանչյյուր վիրահատություն, աչքի լազերային վիրահատությունն էլ ունի մի շարք հակացուցումներ, որոնք նույնպես պետք է պարզել նախավիրահատական փուլում՝ հետազոտոււթյան ժամանակ՝ մի շարք խնդիրներից խուսափելու համար։
«Հիմնական հակացուցումներն են կարճատեսության շարունակական աճը, եղջերաթաղանթի հիվանդություններն ու կառուցվածքի փոփոխությունները (կերատոկոնուս, բորբոքումներ, դիստրոֆիաներ), կատարակտան, գլաուկոման, մինչև 18 տարեկան հասակը չկարգավորվող շաքարային դիաբետը, ցանցաթաղանթի որոշ հիվանդությունները, հղիությունը,ինչպես նաև որոշ դեղորայքների ընդունումը (ամիոդարոն, իզոտրետինոին)», - ասաց Աիդա Աբովյանը։
Խոսելով վիրհատությունից հետո առաջացող հնարավոր ռիսկերի և վտանգների մասին, մասնագետը ներկայացրեց հաճախ հանդիպող բարդությունները.
«Առաջին հերթին դա եղջերաթաղանթի շարունակական բարակումն է,բացի այդ անմիջապես վիրահատությունից հետո կա եղջերաթաղանթի լաթի տեղաշարժի վտանգ, այդ պատճառով պետք է խուսափել աչքերը տրորելուց և աչքերի տրավմաներից ու հարվածներից: Վիրահատությունից հետո կարող է ի հայտ գալ աչքերի չորություն, որի դեպքում պետք է կաթեցնել արհեստական արցունքի կաթիլները, մինչև որ կվերականգնվի արցունքի լիարժեք շերտը»:
Այն հարցին, թե աչքի լազերայի վիրահատությունից հետո հիվանդին ե՞րբ կարող ենք լիարժեքորեն և վերջնականապես ապաքինված համարել, բժիշկ-ակնաբույժը պատասխանեց.
«Ռեաբիլիտացիան շատ անհատական է և կախված է մի շարք գործոններից, օրինակ կարճատեսության դեպքում տեսողական ֆունկցիան հաճախ լիարժեք վերականգնվում է առաջին ժամերի ընթացքում, իսկ հեռատեսության կամ աստիգմատիզմի ժամանակ վերականգնումը տևում է ավելի երկար, հազվադեպ այն կարող է տևել մինչև 6 ամիս: Առաջին մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում կարող է առկա լինել աչքի չորության զգացողություն, որը հետագայում վերականգնվում է»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։