30/03/2022 20:11
COVID-19-ը վերջին համավարակը չէ․ նորին դիմակայելու համար պետք է դասեր քաղենք COVID-ից․ ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը «World Government Summit» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ COVID-19-ը վերջին համավարակը չէ, որը պատուհասում է ժամանակակից մարդկությանը, իսկ նոր հիվանդության հավանականությունն ու դրա վնասների չափը կախված են նրանից, թե ինչ դասեր են քաղել մարդիկ Քովիդից։
«Շատ հստակ է, որ COVID-19-ը վերջին համաճարակը չէ։ Բայց մենք կարող ենք ազդեցություն ունենալ նոր համաճարակի ու դրա հնարավոր հետևանքների և կորուստների վրա, եթե դա տեղի ունենա։ Մենք պետք է դասեր քաղենք COVID-19-ից»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Քովիդը ցույց տվեց, որ համավարակը միայն առողջապահական խնդիր չէ։
«6 միլիոնից ավելի մարդ մահացավ, առողջապահական համակարգերը փլուզվեցին, այս դարում առաջին անգամ տեսանք, որ աղքատության շեմից անդին ապրող մարդկանց թիվն ավելանում է։ Թեպետ համավարակը պայմանավորված է բնական գործոններով, բայց դրա ազդեցությունը մեծանում է գլոբալիզացիայի, կլիմայական փոփոխությունների և անվտանգության բացակայության պայմաններում»,- ասել է Գեբրեյեսուսը։