30/03/2022 18:01
Գերմանիայի քաղաքացիներին կոչ են արել խնայել էլեկտրաէներգիան՝ Ռուսաստանի էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար
Գերմանիայի կառավարությանն առընթեր Տնտեսական զարգացման խորհուրդը քաղաքացիներին կոչ է արել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ Ռուսաստանի էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել են խորհրդի անդամներ Մոնիկա Շնիթցերը և Վերոնիկա Գրիմմը ։
«Այժմ մարդիկ պետք է ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործեն»,- նշել են նրանք՝ այս փուլում էներգախնայողության տարբերակ համարելով երթևեկության արագության և ավտոմեքենաների շահագործման նվազեցումն ու սահմանափակումները և հնարավորության դեպքում՝ անցումը հասարակական տրանսպորտից օգտվելուն։
Ընդգծելով, որ ռուսական էներգառեսուրսների մատակարարման դադարեցումը ծանր հետևանքների կարող է հանգեցնել, Տնտեսական զարգացման խորհրդի պաշտոնյաներն առաջարկել են նաև ընդհանուր կանոնակարգում մտցնել և ավտոմայրուղիների վրա երթևեկության նվազ արագություն սահմանել։
Հնչել է նաև կարծիք, որ Գերմանիայում գործող ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացումը նույնպես կարող է նվազեցնել կախվածությունը մատակարարվող էներգառեսուրսներից։
Գերմանիայի «Կանաչների» կուսակցությունը ևս հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով ամսվա մեկ կիրակի օրը հրաժարվել սեփական ավտոմեքենաների շահագործումից։ Բացի այդ, «Կանաչները» գտնում են, որ պետք է ստուգել հասարակական նշանակության կառույցների և շենքերի էներգաարդյունավետությունը։