30/03/2022 19:50
Բավարար հիմքեր կան Խոակին Կապառոսին աշխատանքից ազատելու համար. Ո՞ւր է նայում ՀՖՖ-ն, ի՞նչ նպատակ է հետապնդում և ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում. Մարզական մեկնաբան
Aysor.am-ի զրուցակիցն է Setanta Sports հեռուստաընկերության մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը։
- Ռոբերտ, երեկ Նորվեգիայի հավաքականից կրած պարտության ֆոնին ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն արդյունավետ է գործում այդ կառույցը։
- ՀՖՖ դերը կոնկրետ այս պարտության մեջ ամենամինիմալն է, որովհետև կոնկրետ մեկ պարտության մեջ կառույցն առանձնակի մեղք չունի։ Բայց եթե խնդրին ավելի խորքային նայենք, ամեն ինչ ավելի լուրջ է։ Ո՞ւր է նայում ՀՖՖ-ն, ի՞նչ նպատակ է հետապնդում, ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում, ի՞նչ է անում այսօր առհասարակ ՀՖՖ-ն։
Այս պարտությունն իրականում ունի և՛ հիմքեր, և՛ հետևանքներ։ Ինչո՞ւ. մեկ պարզ պատճառով, որովհետև մենք Հայաստանում չենք զարգացնում մանկապատանեկան ֆուտբոլը։ Որքան էլ ջանքեր է գործադրում ՀՖՖ-ն, մանկապատանեկան ֆուտբոլը չի զարգանում. դրա մասին վկայում են միջազգային ասպարեզում մեր թիմերի վատ արդյունքները։
Ակումբային ֆուտբոլը Հայաստանում զարգանալու միտում չունի, անգամ եվրագավաթների մասնակցելը, որն այսպես, թե այնպես պետք է տեղի ունենար, բայց ընդհանուր ակումբային մրցելույթները միջազգային ասպարեզում ևս լավագույնը չեն։ Այնպես որ, ՀՖՖ-ն այս տեսանկյունից եկել, հասել է այս պարտությանը, իսկ թե հետո ինչ է լինելու՝ չեմ կարող ասել։
- Նման խոշոր հաշվով պարտությունը կարո՞ղ է և պե՞տք է ֆեդերացիայի նախագահի և գլխավոր մարզչի հրաժարականի պատճառ հանդիսանա։
- Սովորաբար նման պարտություններից հետո, եթե ոչ ֆուտբոլային գլխավոր կառույցի ղեկավարությունը, ապա գոնե մարզիչը հրաժարական տալիս է, կամ նրան աշխատանքից ազատում են։ Նման բան տեղի է ունենում բոլոր տեղերում, այսինքն՝ եթե արդյունք չեն ապահովում կամ վատ ելույթներ են ունենում, մարզիչն աշխատանքից ազատվում է։
Հիմա, Խոակին Կապառոսի թիմը պարտվել է 0։9 հաշվով։ Դա Հայաստանի հավաքականի ամենավատ արդյունք է, ամենախոշոր պարտությունը։ Հայաստանի հավաքականը, եթե չհաշվենք, Չեռնոգորիայի հետ վերջին ընկերական հանդիպումը, մնացած բոլոր խաղերում չի հաղթել՝ Ռումինիային անցած տարվա մարտին հաղթելուց հետո։ Այսինքն՝ մեկ տարուց ավելի Հայաստանի հավաքականը չի հաղթել։ Մի՞թե սա ցուցանիշ չէ, մի՞թե սա արդյունք չէ։ Սա արդյունք է և վատ արդյունք։
Իմ կարծիքով՝ բավարար հիմքեր կան Խոակին Կապառոսին աշխատանքից ազատելու համար։ Սա իմ մոտեցումն է։ Ինձ թվում է՝ իր մոտեցումները ոչ միշտ է, որ աշխատում են։ Այսինքն՝ տարբերություն չի ստեղծում, իր կատարած աշխատանքի պտուղները չեն երևում։ Ինձ թվում է՝ ժամանակն է, որ նրա փոխարեն Հայաստանի հավաքականը գլխավորի ավելի երիտասարդ և հավակնոտ մարզիչ, որը նման միջին կարգի հավաքականի հետ փորձ ձեռք կբերի և հնարամիտ ձևով կփորձի կարևոր խաղերում իր համարձակությունը ցույց տալ։ Մենք այդ ժամաակ կպարտվենք, բայց գոնե կիմանանք, որ մեր մարզիչը համարձակ է։ Կապառոսը համարձակ չէ։
- Ռոբերտ, ո՞րն է, ըստ Ձեզ, հայկական ֆուտբոլի նորագույն շրջանի ոսկեդարը։
- Ինձ թվում է՝ հայկական ֆուտբոլի առաջին ոսկեդարն արդեն մնացել է անցյալում։ Դա Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականն է, որը 10 տարուց ավելի է՝ չկա։ Այդ հավաքականը պետք է մոռանալ և շարժվել առաջ, որովհետև երկրպագուներն անընդհատ նոստալգիայի մեջ են ընկնում։ Չկան ուժեղ մասնագետներ, որ ասեն՝ Մինասյանի էպոխան անցել է, որ նրա ուժն ուրիշ բաներում էր, այսինքն՝ նրա հանճարեղությունը միայն մարզչական գիտելիքները չէին. նրա հանճարեղությունը ֆուտբոլիստների, հավաքականի հիմնական կորիզի խաղն էր. տղաները միասին խաղացել էին երկար-երկար տարիներ՝ պատանեկան տարիքից։
Հենց սրանից պետք է սկսել, պետք է ստեղծել կորիզ, այդ կորիզը պետք է մարզեն պրոֆեսիոնալներ, և այդ դեպքում մենք վաղը կունենանք ուժեղ և մրցունակ հավաքական, որը համարձակությամբ կգնա և առանց վախի կպայքարի ամենաուժեղ հավաքականների հետ։ Մենք հաստատ Նորվեգիայի ընտրանուց ուժեղ թիմերի հետ էլ ենք խաղացել՝ նույն Վարդան Մինասյանի, Վարուժան Սուքիասյանի, Բեռնար Շալանդի գլխավորությամբ։ Մենք այսպիսի պարտություն չենք կրել։ Խոակին Կապառոսի օրոք սա խոշոր հաշվով արդեն երրորդ պարտությունն է։
Հ. Գ. Մարզական մեկնաբանը զրույցի վերջում հավելեց՝ առանց Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապագայում մեծ դժվարություններ է ունենալու։