30/03/2022 09:54
«Հրապարակ». Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել». նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է՝ չնայած նախապես որոշված էր, որ մինչև մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։
Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», և նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչև ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, և չբարդանա Երևանում հաղթելը։
Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առանցքային ֆիգուրներին միշտ իրենից «կախման մեջ» է պահում, չի տալիս մեծ իշխանություն և չի թողնում, որ խումբ-խումբ մտերմանան և պալատական հեղաշրջում պլանավորեն՝ իր գլխից թռնեն ու իր դեմ դուրս գան։ Հատկապես Տիգրան Ավինյանի նկատմամբ վստահությունը մեծ չէ, քանի որ նա վաղուցվանից է դիտարկվում որպես Փաշինյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը, և եթե Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա, նրա շանսերն էլ, ըստ այդմ, կմեծանան»։