30/03/2022 17:50
Ակնհայտ է, որ ֆեդերացիան Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրում. Արծվիկ Մինասյան
Aysor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
- Պարոն Մինասյան, Դուք հայտնի ֆուտբոլասեր եք, մի ժամանակ քաղաքական գործիչների թիմում էիք հանդես գալիս։ Ուզում եմ հարցնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ երեկ կրած 9։0 հաշվով պարտության մասին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Նորվեգիայի հետ ընկերական հանդիպմանն այսպիսի արդյունք գրանցվեց։
- Իհարկե, պարտությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Պարտություններից պետք է դասեր քաղել և ավելի հիմնարար վերանայումներ իրականացնել։ Ուղղակի պետք է աշխատել։ Բայց նաև ակնհայտ է, որ ֆեդերացիան Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ բավարար ջանքեր չի գործադրում։
- Կարելի՞ է ասել, որ ֆուտբոլը Հայաստանում «մահացել է», այլևս գոյություն չունի։
- Չէ, ես նման կտրուկ գնահատական չէի տա, որովհետև, փառք Աստծո, ֆուտբոլը և ֆուտբոլ խաղալու ունակությունը շատ բանով այս իշխանությունից կախված չեն։ Եթե կախված լիներ, իհարկե, դա էլ «մահացած» կլիներ, բայց քանի որ որպես կանոն՝ ֆուտբոլի նկատմամբ հակումն ու տաղանդը ի սկզբանե է, դրա համար անհատական մակարդակով տաղանդները կան և փառք Աստծո, որ կան։ Մնում է կազմակերպչական ճիշտ աշխատանք իրականացվի, որպեսզի կարողանանք ավելի լավ հաջողություններ արձանագրել։
- Պարոն Մինասյան, երեկ խոշոր հաշվով պարտությունից հետո ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները ներողություն խնդրեցին երկրպագուներից։ Բայց միայն ներողությունը բավարա՞ր է, թե ՀՖՖ-ն պետք է լուրջ հետևություններ անի։
-Իհարկե, հետևություններ շատ կան անելու։ Հիմա բոլորը թիվ մեկ քննադատությունն ուղղում են գլխավոր մարզչին։ Այո՛, գուցե գլխավոր մարզչի թերություններն էլ կան, բայց նորից եմ ասում՝ պետք է առավել ամբողջական և հիմնարար քայլեր իրականացվեն։
- Ըստ Ձեզ, ո՞րն է եղել հայկական նորագույն ֆուտբոլի ամենաարդյունավետ և հիշարժան շրջանը։
- Երբ Յան Պորտերֆիլդը դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ, և Վարդան Մինասյանն էլ՝ իր օգնական, իսկ հետո՝ արդեն գլխավոր մարզիչ, ահա այդ շրջանում հստակ երևում էր, որ թե՛ ֆեդերացիան, թե՛ մարզչական թիմը ավելի համահունչ և ավելի նպատակային գործունեություն էին ծավալում։ Իհարկե, այն ժամանակ էլ քննադատություններ կային, սակայն անհամեմատելի էին նախկին և ներկա ժամանակահատվածները։