30/03/2022 16:12
Հայկական ֆուտբոլը քանդեցին, քաղաքականացրեցին, նախկինը չգնահատեցին, իսկ հիմա 0:9 հաշվից հետո ընդամենը ներողություն են խնդրում. Շարմազանով
Նախկինում, երբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:1 պարտվում էր, գոռում էին՝ «Հայրապետյան, հեռացի՛ր»։ Երեկ Հայաստանը 0։9 պարտվեց Նորվեգիային և խայտառակվեց, բայց դե քանի որ Նիկոլի ժամանակակիցներն են, նրանից բան են սովորել. Նիկոլն էլ Արցախի 80 տոկոսը տվեց, Շուշին ու Հադրութը տվեց, ասեց «nերողություն»։ Սրանք էլ ասում են՝ եթե Նիկոլը կապիտուլյացիան կստորագրի, կասի «Ներողություն» ու կպրծնի, մի հատ էլ կվերընտրվի, ուրեմն մենք էլ ներողություն խնդրենք, ինչ կլինի՞ որ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ երեկվա պարտությունից հետո կարելի՞ է ասել, որ ֆուտբոլը Հայաստանում վերջնականապես «մահացել» է, մեր զրուցակիցը պատասխանեց՝ չի ուզում այդպես մտածել, բայց կասկածից վեր է, որ հայկական ֆուտբոլը խայտառակված վիճակում է։
«Այն խոստումները, որ Նիկոլի ոճին համապատասխան՝ տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը, չկան, և այն էլ, ինչ եղել է, նախորդ հավաքականի հիմքերն են եղել։ Հայկական ֆուտբոլի նորագույն շրջանի ոսկեդարը եղել է Ռուբեն Հայրապետյանի ղեկավարման շրջանը, որտեղ երկու շրջափուլ՝ 2010-214 թվականներ, մի անգամ աշխարհ, մի անգամ Եվրոպա, Հայաստանի հավաքականը 4։0 հաղթում էր Դանիային, 4։1՝ Մակեդոնիային, 4։0՝ Սլովակիային։ 10 հոգով Իռլանդիային 2։1 պարտվել ենք, բայց համարյա հաղթում էինք։
Այսինքն՝ հավասարը հավասարի պես խաղում էինք, Ռուսաստանի հետ 0։0 էինք խաղում։ Հայաստանի թիմն այն ժամանակ ֆավորիտ էր։ Հենրիխ Մխիթարյանը, Վարազդատ Հարոյանը, Գևորգ Ղազարյանը նախկին հավաքականից էին, իսկ իրենք եկել, հինը քանդել են և ընդամենն ասում են՝ «nերողություն», - նշեց մեր զրուցակիցը։
ՀՀԿ մամուլի խոսնակը նաև ընդգծեց՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսին միլիոնավոր դոլարներ են վճարում, բայց նա հաղթանակի համար ոչինչ չի անում։
«Ֆուտբոլում պետք է նվիրյալներ լինեն։ Այս մարզաձևը հեղափոխություններ չի սիրում։ Դու պետք է եղածի վրա նորը կառուցես, իսկ Հայաստանում եղածը քանդեցին, քաղաքականացրեցին, նախկինը չգնահատեցին։ Մոռացե՞լ են՝ Հենրիխ Մխիթարյանի մոր հետ ինչպես վարվեցին։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե նախորդ ղեկավարությունը լիներ, Հենոն մինչև հիմա Հայաստանի հավաքականում չէր խաղա։ Կամ Լևոն Արոնյանը, ով Հայաստանի ազգային հավաքականից հրաժարվեց։ Բոլորին նեղացնում են. դե վերցրեք, ՔՊ-ի պատգամավորներին տարեք, թող խաղան։
Եթե ֆուտբոլում գնահատվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ այն, թե որքան լոյալ է օրվա իշխանություններին, այսպես է լինում։ Կապառոսն այսքան տարի ի՞նչ է արել։ Կրկնում եմ՝ նայեք, թե Հայաստանի հավաքականն ինչ ֆուտբոլ էր խաղում 2010-2014 թվականներին և հիմա ինչպես է խաղում։ Մեր լավագույն մարզիչը եղել է Վարդան Մինասյանը, ֆեդերացիայի լավագույն ղեկավարն էլ՝ Ռուբեն Հայրապետյանը», - եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։