30/03/2022 21:20
«Պակիստանյան հոսք» գազատարի կառուցումը Մոսկվայի և Իսլամաբադի առաջնահերթ խնդիրներից է․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցումը համարում է Մոսկվայի և Իսլամաբադի միջև հարաբերությունների ամրապնդման առաջնահերթ հարցերից մեկը։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում, որում տեղեկացվում է նաև, որ Չինաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Պակիստանի ԱԳ նախարար Շահ Մահմուդ Քուրեշի հանդիպման ժամանակ պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել երկկողմ հարաբերությունները և տարբեր ուղղություններով փոխգործակցությունը։
Երկու երկրների նախարարները ժամանել են Չինաստան՝ մասնակցելու Աֆղանստանի հարևան երկրների երրորդ նախարարական համաժողովին, որը կայանալու է մարտի 31-ին։
Համաձայն ՌԴ ԱԳՆ տեղեկագրի, ռուսական ու պակիստանյան կողմերը հարաբերությունների ամրապնդման առաջնահերթ խնդիրներից մեկն են համարել «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցումը՝ էներգետիկ բնագավառում մի շարք նախագծերի իրականացման համար։
Հանդիպմանը Ռուսաստանի և Պակիստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային հարցերի շուրջ, համամիտ են եղել, որ անհրաժեշտ է շարունակել «Ուկրաինայի շուրջ ճգնաժամը դիվանագիտական ջանքերով կարգավորելու» գործընթացը։
Քննարկվել է նաև Աֆղանստանի խնդիրը։
«Կողմերը վերահաստատել են գործողությունների հետագա համակարգման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ Աֆղանստանի հիմնախնդրի կարգավորման «ընդլայնված եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՉԺՀ, Պակիստան) և մոսկովյան ձևաչափի շրջանակներում՝ Աֆղանստանում կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։