30/03/2022 10:13
Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում
Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված, հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:
Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»,-նշված է հաղորդագրությունում։