30/03/2022 15:24
Հայաստանի իշխանությունն իրականացնում է հիմար կկվի քաղաքականությունը. փորձում են Արցախը տալ, որ Հայաստանն ապահովագրեն. Արցախում ճակատագրական պահ է. Արթուր Խաչատրյան
Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հրաժարվել Արցախից, այս մասին «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկմանը հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այսօրվա իշխանությունները ցավագին են տանում, երբ ասում ենք՝ Արցախը տվեցին, կարծես թե, փաստաթղթի տակ ես եմ ստորագրել, բոլորս գիտենք՝ ով է ստորագրել։ Իրենք իրականացնում են «Չարի վերջ»-ի հիմար կկվի քաղաքականությունը, հիմար կկուն էլ կարծում էր, որ իր ձագին տա, աղվեսը դրանով կբավարարվի. հիմա փորձում են, Արցախը տալով, Հայաստանն ապահովագրեն՝ առանց հասկանալու, որ Ադրբեջանը Արցախը կլանելուց հետո կանցնի նաև Հայաստանին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանը 2019 թվականին ընդունած Ազգային անվտանգության ռազմավարությամբ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը ու Հայաստանը չպետք է իր պարտավորությունը արտապատվիրակի երրորդ կողմին։
Արթուր Խաչատրյանը տարակուսած է, թե ինչու են Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները առանձին նիստեր անում, և ոչ համատեղ։
«Հիմա նույնիսկ դա են կտրել. ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը շատ տարակուսելի է. մի կողմից իրենք ասում են՝ Ադրբեջանը մտացածին հիմնավորումներով շարունակում է ագրեսիվ գործողությունները, մյուս կողմից ասում են՝ «եկեք խաղաղության պայմանագիր կնքենք»։ Քանի խնդիրը չենք լուծել, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը», - ընդգծեց ըննդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Արցախում այսօր ճակատագրական պահ է. եթե Ադրբեջանը կարողանա վերահսկողություն հաստատել Քարագլխի նկատմամբ, ապա հարավ-արևմուտքից Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողությունը Շուշիից է, հյուսիս-արևելքից էլ, եթե լինի Քարագլուխը, լուրջ խնդիր է լինելու։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքերի, ու Հայաստանի իշխանությունները, փոխանակ հակաքայլեր մտածեին, Վեդիում համայնքապետի ընտրություններով էին զբաղված, հավանաբար, Վեդիում ընտրությունը ավելի մեծ առաջնահերթություն ունի, քան թե ազգային հարցերը», - հավելեց Արթուր Խաչատրյանը։