31/03/2022 10:46
2022-ին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 10 տոկոսով, 2023-ին աճ չի գրանցվի․ զարգացումները կանդրադառնան նաև Կովկասի վրա․ ՎԶԵԲ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կանխատեսել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով 2022 թվականին Ռուսաստանում տնտեսական աճի 10 տոկոս անկում կգրանցվի, իսկ 2023 թվականին տնտեսական աճ ընդհանրապես չի գրանցվի, այն զրո տոկոս կլինի։
«Ակնկալվում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները տեսանելի ապագայում կպահպանվեն, ինչը 2022 թվականին ՀՆԱ-ի կտրուկ անկումից հետո 2023 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կհանգեցնի լճացման։ Դա բացասաբար կազդի հարևան մի շարք երկրների՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վրա», - նշված է ՎԶԵԲ-ի զեկույցում։
ՎԶԵԲ-ն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն Ուկրաինայում ռազմական գործողություններից հետո տարածաշրջանի տնտեսության վերաբերյալ պաշտոնական զեկույց է հրապարակում։
Զեկույցը պատրաստելիս ՎԶԵԲ-ի փորձագետները հիմք են ընդունել կանխատեսումը, որ մի քանի ամսվա ընթացքում Ուկրաինայում զինադադար կհաստատվի։ Ընդ որում, կառույցն ընդգծել է, որ ներկայացված զեկույցը անոորոշություններ է պարունակում, կա նաև ավելի բացասական զարգացումների լուրջ ռիսկ՝ պայմանավորված ռազմական գործողությունների ուժգնացմամբ կամ ռուսական գազի և այլ ապրանքների նկատմամբ նոր սահմանափակումներով։