31/03/2022 19:00
Հետծննդաբերական հիգիենան, ամենատարածված խնդիրները, դրանց հաղթահարումը. ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգը
Հետծննդաբերական շրջանն սկսվում է արգանդի խոռոչից պտղի և ընկերքի դուրս գալու պահից: Առաջին երկու օրերը համարվում են վաղ հետծննդյան շրջան, դրան հաջորդող շրջանը, որ տևում է 40-42 օր՝ ուշ: Վաղ շրջանում ամենից հաճախ հանդիպող բարդություններից է արյունահոսությունը, վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցուցանիշները նվազել են՝ պայմանավորված բժշկական վերահսկողության և հավելյալ դիագնոստիկ միջոցների կիրառմամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը:
Այս փուլում կինը կարող է ունենալ մարմնի ջերմաստիճանի բարձրացում՝ 37-37.2, որը համարվում է նորմա, բայց պահանջում է վերահսկողություն: Վաղ շրջանում տեղի ունեցող փոփոխություններից են կաթնարտադրության պրոցեսը (առաջին 2 օրը խեժ) և արգանդի կրճատումը (այն լիարժեք կրճատվում է մոտ 6 շաբաթ անց):
Ուշ շրջանում դրսևորվում են մի շարք անհանգստացնող երևույթներ, որ անդրադառնում են կյանքի որակի վրա, բայց կարևոր է գիտակցել, որ դրանք ժամանակվոր երևույթներ են:
Այդպիսի դրսևորումներից են սեռուղիներից արյունային արտադրությունը, որի բնույթը փոփոխվում է. 1-3-րդ (երբեմն 5) օրերը արյունային են, մինչև 10-12 րդ օրերը՝ շճային, արտադրությունն ավարտվում է 20-40-րդ օրերին:
Հաճախ հետծննդյան շրջանում դիտվում է անմիզապահություն, կարող է նկատվել աղիների գործունեության խախտում։ Ուշ շրջանի հնարավոր բարդություններից են մաստիտ, արգանդի խոռոչի բորբոքում։
Այս բոլոր փոփոխությունները, նոր կարգավիճակը, պատասխանատվությունը, անքուն գիշերները, ֆիզիկական ցավը և այլ դրսևորումները հաճախ հանգենցնում են հուզական-հոգեբանական խնդիրների, որ կարող են արտահայտվել՝ սեփական մարմինը և փոփոխությունները չընդունելով, ագրեսիվ վարքագծով, երբեմն, երեխային կրծքով կերակրելու գործընթացի հանդեպ տհաճության զգացումով, հուզական պոռթկումներով։
Մասնագետն ասում է՝ խնդիրները հաղթահարելու համար կարևոր է զուգընկերոջ և մտերիմների աջակցությունը, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբանի:
Կանանց մեծ մասը հաղթահարում է հետծննդյան խնդիրներն այն պարզ գիտակցմամբ, որ դրանք ժամանակավոր են. վատ տրամադրությունը պետք է հաղթահարել մարմինն ու կամքը կոփելով։
Կարևոր է ճիշտ սննդակարգը՝ բացառել ալերգեն և ծանրամարս սնունդը, պետք է գերակշռեն վիտամիններով հարուստ մթերքները։
Եթե չկան հակացուցումներ, 3-րդ ամսից կարելի է սկսել կամ վերսկսել մարզումները՝ տվյալ շրջանի համար նախատեսված ծանրբեռնվածությամբ։ Սեռական կյանքը կարելի է սկսել ծննդաբերությունից միջինում 40 օր անց։
Մանկաբարձ-գինեկոլոգը հորդորում է հետևել հետծննդյան հիգիենային՝
- Հագնել միայն բամբակյա ներքնազգեստ
- Լվացվելիս չի խրախուսվում օգտագործել սպունգներ կամ անձեռոցիկներ
- Մշտապես մաքուր պահել ձեռքերը ինտիմ հատվածները լվանալուց առաջ և հետո
- Սրբիչները՝ նախատեսված ձեռքերի, կրծքագեղձերի, ինտիմ հիգիենայի համար պետք է լինեն խիստ անհատական։
-
Հատկապես ծննդաբերությունից հետո առաջին օրերին նկատվում է հեշտոցային առատ արտադրություն, պետք է կրել միջադիրներ, որ անհրաժեշտ է փոխել 3-4 ժամը մեկ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։