31/03/2022 18:20
Վիրահատել, թե բուժել նշիկները. պարզաբանում է օտորինոլարինգոլոգը
Նախկինում տարին մեկ անգամ «սուր նշիկաբորբ» (անգինա) ունենալու դեպքում խրախուսվում էր նշիկների հեռացում։ Միջազգային նոր ուղեցույցներով վիրահատության ցուցում է, եթե փոքրահասակ երեխան տարին 7-8 անգամ է հիվանդանում, եթե պատանեկան տարիքում 4-5 անգամ, հասուն տարիքում 3-4 անգամ է հիվանդանում, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Արթմեդ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, ազգային առողջապահության ինստիտուտի գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արայիկ Ղարիբյանը։
Եթե կա կոմպենսացված քրոնիկ տոնզիլիտ, ապա կարելի է դեղորայքով, տեղային ֆիզիոթերապևտիկ եղանակներով բուժել։ Տոքսիկո-ալերգիկ (դեկոմպենսացված) տոնզիլիտի դեպքում ցուցվում է վիրահատություն։
Նշիկների «ճակատագրի» հարցում կողմնորոշվելու համար օգնում են արյան ընդհանուր, C ռեակտիվ սպիտակուցի և կակաստրեպտոլիզին-O լաբորատոր հետազոտությունները: Արդյունքները նաև կարևոր են որոշելու՝ այդ պահին կատարել վիրահատություն, թե որոշ ժամանակ բուժել, ունենալ կոմպենսացված վիճակ, ապա նոր վիրահատել։ Եթե հետազոտության արդյունքները նորմայից մի քանի անգամ բարձր են, այդ փուլում վիրահատություն չի թույլատրվում։
Տևական ժամանակ մշտական ՝ 37.1, 37.2 ջերմությունը ևս ցուցիչ է քրոնիկ տոնզիլիտի (եթե, իհարկե, հետազոտություններով ջերմության այլ պատճառներ չեն հայտնաբերվել):
Բժիշկն ասում է՝ հատկապես 3-4 տարեկան երեխաների դեպքում պետք է կողմնորոշվել՝ Մարշալի սինդրոմ է (ախտորոշման համար հիմք է գենետիկ հետազոտությունը), թե քրոնիկ տոնզիլիտ, հատկապես երբ դրանք գրեթե չեն տարբերվում: Պարզապես, Մարշալի սինդրոմի դեպքում դեղորայքի միջոցով երեխան շատ արագ ապաքինվում է։
Ընդունված ասույթ կա՝ «Նշիկները լիզում են հոդերը, կրծում սիրտը»։ Ռևմատիզմը, սրտի ֆունկցիոնալ խանգարումները համարվում են քրոնիկ տոնզիլիտի առաջնային հետևանքներ։ Այս դեպքերում միանգամայն ճիշտ է վիրահատելը,- ասում է Արայիկ Ղարիբյանը։
Հաճախ մարդիկ խուսափում են վիրահատությունից, տարածված կարծիքի պատճառով, թե նշիկները հեռացնելը բացասաբար է ազդում է իմունային համակարգին։ Քիմային նշիկները, այո, համարվում են օրգանիզմի «դարպասները»՝ պաշտպանում են վարակներից, միկրոբներից, բայց եթե օրգանը հիվանդ է, ոչ թե իմունոպահպան է, այլ ինֆեկցիայի աղբյուր։ Քիմային նշիկներից բացի կան նաև երկու փողային, ըմպանային և լեզվային նշիկներ, որ ստանձնում են հեռացված նշիկների գործառույթները։
Այնուամենայնիվ, բժիշկը հորդորում է՝ միայն հետազոտությունների, օբյեկտիվ զննումից հետո նոր դիմել վիրահատության։
Արայիկ Ղարիբյանը հիվանդներին խորհուրդ է տալիս վիրահատությունից հետո արագ վերականգնվելու համար հաճախակի սնվել. կլման ակտի ժամանակ պարտադիր ցավ է լինում, հաճախակի սնման դեպքում ցավը 7-ից 12 օրում կարող է անցնել, եթե ցավին չեն դիմանում և ոչ հաճախ են սնվում, մինչև մեկ ամիս կարող է ցավ լինել։
Վիրահատությունից հետո նույն օրը կարելի է սառը հեղուկ խմել կամ պաղպաղակ ուտել՝ արյունահոսության ռիսկերը նվազեցնելու համար, հաջորդ օրերին սառը սնունդի իմաստ չկա, ինչպես նաև չի կարելի տաք ուտեստներ ուտել։ Վիրահատությունից հետո առաջին օրերին կարելի է ուտել կաթնամքերք, փափուկ սնունդ, ապուրներ, քերած միրգ-բանջարեղեն. ամենը՝ սենյակակին ջերմաստիճանի։ Հատկապես ամռանը վիրահատվելու դեպքում խիստ կարևոր է օրական 2-3 լիտր հեղուկ սպառելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։