31/03/2022 10:01
«Հրապարակ». Չի բացառվում, որ հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաև բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում և նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։
Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաև տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչև ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել և զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետև կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված և այլն»։
Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաև իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»։