31/03/2022 08:42
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Հիքմեթ Հաջիևի հետ. քննարկվել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկանում ենք ԵՄ կայքից։
Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
«Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ի թիվս այլ հարցերի շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի: