31/03/2022 19:53
Արցախի փրկության ամենառեալ տարբերակն այս պահին, այո՛, ՌԴ-ին միանալու նպատակով հանրաքվե անցկացնելն է. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Արցախի փրկության ամենառեալ տարբերակ է դիտարկում Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանի առաջարկը՝ Արցախում համապետական հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու նպատակով։
Վերջինս, հիշեցնենք, այս մասին գրել էր ֆեյսբուքյան իր էջում։
«Յուրաքանչյուրը փորձում է Արցախի փրկության ինչ-որ ճանապարհ գտնել։ Ես ԱԺ նիստերի դահլիճում պաշտոնապես հնչեցրել եմ մեր կուսակցության տեսակետը, որ Արցախի փրկության միակ ճանապարհը ճանաչումն է, բայց այնքան զգուշավոր, որ չճանաչի որևէ երկիր, ում շահեկան է ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը։
Այսինքն՝ դիվանագիտական խողովակներն այնպես պետք է աշխատեն, որ հենց մեր դաշնակից պետությունը լինի մեզ ճանաչողը, որովհետև ՀՀ իշխանությունները դրա մասին լսել անգամ չեն ուզում։
Ես Արցախի փրկության որևէ այլ ճանապարհ չեմ ուզում բացառել, բայց, կարծում եմ՝ այն պայքարի երկար ուղուց, որն անցել ենք 88-ից, չպետք է շեղվենք։ Մեր վերջնանպատակն է եղել միանալ Մայր Հայաստանին։ 88-ի այդ գաղափարից մենք երբևէ չենք շեղվել, քաղաքական իրավիճակն այնպիսին է եղել, որ առաջնահերթություն է դարձել Արցախի ճանաչումը, այնուհետև՝ հանրաքվեով Հայաստանին միանալը»- , Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախի ԱԺ պատգամավորը շեշտեց՝ եթե ՀՀ իշխանություններն այլևս չեն ուզում զբաղվել Արցախով, պարտավոր են գոնե ճանապարհ հարթել, որպեսզի Արցախի իշխանությունները կարողանան ուղիղ խոսել Ռուսաստանի հետ։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է հանդես գան գոնե որպես միջնորդ, և Արցախի իշխանությունները պետք է այս հարցում պարտադրեն նրանց։
Մետաքսե Հակոբյանը միաժամանակ վստահություն հայտնեց՝ յուրաքանչյուր արցախցի հասկանում է, որ իր հայրենիքն օրհասական վիճակում է և միանշանակ կողմ է լինելու փրկության ռեալ ճանապարհին։
«Արցախցին հստակ գիտի, որ այսօր իր անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Հենց այն ժամանակ, երբ արցախցին կարողացավ վերադառնալ Արցախ, նա հասկացավ, որ դա միայն ռուս խաղաղպահների ներկայության արդյունքն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ կրկին շեշտելով, որ ամեն արցախցու երազանքն է վերջնարդյունքում միանալ Մայր Հայաստանին։