31/03/2022 16:18
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, հանուն Արցախ աշխարհի խաղաղության, հրավիրում է բոլորին միասնական աղոթքի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը միասնական աղոթքի կոչ է արել։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, մեր երկրի անվտանգությամբ մտահոգ, դիմում է արցախցիներին՝ ապաշխարության կոչով:
Այս իրավիճակից միայն Աստված կարող է մեզ դուրս բերել. ♰ «Դարձեք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի Ձեզ» ♰ - ասում է Աստված:
Այս նպատակով ապրիլի 2-ին ժամը 17:00-ին Արցախի թեմը, հանուն Արցախ աշխարհի խաղաղության, հրավիրում է բոլորին միասնական աղոթքի` Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում և մյուս համայնքների բոլոր գործող եկեղեցիներում:
Բոլորի աղոթական ներկայությունը ցանկալի է. ֆիզիկապես մասնակցել չկարողանալու պարագային խնդրում ենք միանալ ընդհանրական աղոթքին մտքով և հոգով։
Արցախի թեմը կոչ է անում մեր ժողովրդին զինվել ամուր հավատով և համբերությամբ` այս դժվարությունների պահին անդրադառնալով մեր ապրած կյանքին ու Աստծո հետ ունեցած մեր հարաբերություններին։ Մշտապես ուշադրություն դարձնելով հոգևոր իրականությանը՝ մասնակցել եկեղեցածիսական արարողություններին և զարկ տալ սեփական հոգևոր զարթոնքին:
Մեր կարգախոսն է.
♰ «Այն, ինչը հնարավոր չէ մարդկանց համար, հնարավոր է Աստծու համար»: ♰
Աստված թո՛ղ պահի ու պահպանի Հայաստան և Արցախ աշխարհը…»,-նշված է կոչում։