31/03/2022 21:54
ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բարձր մակարդակով առաջին հանդիպումն են անցկացրել՝ քննարկելու Ռուսաստանին հակազդելու միջոցառումները
Եվրամիությունն ու ԱՄՆ-ն բարձր մակարդակով առաջին հանդիպումն են կազմակերպել` Ռուսաստանին հակազդելուն ուղղված քայլերը քննարկելու նպատակով և հաստատել են Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու և արդեն իսկ կիրառվող պատժամիջոցները համակարգելու ձգտումը։
Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Երկկողմ հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։
«Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները Վաշինգտոնում բարձր մակարդակով առաջին հանդիպումն են անցկացրել՝ Ռուսաստանի հարցով։ Հանդիպումը 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի շարունակությունն է, որի ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում։
Փաստաթղթի համաձայն՝ հանդիպման մասնակիցները «պայմանավորվել են շարունակել սերտ և համակարգված գործակցությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում», ինչպես նաև «քննարկել հետագա միջոցառումները, որոնք ուղղված են ԵՄ-ի և ԱՄՆ-ի տնտեսություններից ու դրանց ֆինանսական համակարգերից Ռուսաստանին մեկուսացնելուն»։