31/03/2022 09:55
«Հրապարակ». Թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ և տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրև թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» և «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։
Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։
Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլև մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված»։