31/03/2022 12:25
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է հայերի դուրսբերում. ՀՀ վարչապետ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ», - ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ նախկինում իրենք առաջարկել են լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը:
«Նկատի ունեմ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա», - նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում:
«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ», - ասաց ՀՀ վարչապետը: